ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խնդրում եմ Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնել Վենետիկի հանձնաժողովի հետ. իմքայլական պատգամավոր

Խնդրում եմ Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնել Վենետիկի հանձնաժողովի հետ. իմքայլական պատգամավոր

«Ես խնդրում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ: Սա շատ կարևոր է: ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները դա հենց ինստիտուտի հայտարարություն է, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ»։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլի» պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախագահի և 6 դատավորների պաշտոնանկության մասին նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը:

Իշխանական պատգամավորը նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածները ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»:

Հիշեցնենք, որ 2009թ.-ին Ջիանի Բուքիքիոյին պատվո շքանշան է շնորհվել ոչ թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի Հանրապետության անունից՝ մեր երկրի եվրոպական ինտեգրմանը նպաստելու և ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ներդրման համար:   

  • Կիսվել: