ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խափանման բոլոր միջոցները կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ կդիտվեն

Խափանման բոլոր միջոցները կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ կդիտվեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Դրանով  առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջոնրդությունը մերժել, եթե ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքրի 134-րդ հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

«Եթե կոնկրետ դեպքում նշված նպատակներին հնարավոր է հասնել ստորագրությունը չհեռանալու մասին կամ գրավ խափանման միջոց կիրառելը, ապա տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող։ Այդպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը»,- պարզաբանեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը:

Գրավն էլ կկիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլև որպես ինքուրույն խափանման միջոց։

«Այսինքն, անկախ նրանից՝ առկա է դատարանի որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, թե ոչ, անձի նկտամամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Ընդարձակվելու է նաև գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը։ Գրավի գումարի նվազագույն չափը կսահմանվի 200 000 դրամ, անկախ հանցագործության տեսակից։

Նախագիծը քննարկումից անմիջապես հետո քվեարկության դրվեց, որովհետև Սահմանադրական դատարանի կողմից վերաբերելի դրույթների մասով փոփոխություններր կատարելու ժամկետ է սահմանվել սույն թվականի ապրիլի 15-ը։

Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

  • Կիսվել: