շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաչատրյանների եւ նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով․ հայտարարություն

Խաչատրյանների եւ նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով․ հայտարարություն

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, նշելով, որ Խաչատրյանների եւ նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով։

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ քննիչը Գագիկ եւ Կարեն Խաչատրյաններին, ինչպես նաեւ նրանց պաշտպաններին հայտարարել է քրեական գործի նախաքննությունն ավարտելու վերաբերյալ եւ քրեական գործի նյութերի պատճենները տրամադրել է ծանոթացման համար: Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով պարտավոր է պաշտպանության կողմին բավարար հնարավորություններ եւ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանանք լիարժեք ծանոթանալ դրանց եւ առկայության դեպքում նոր միջնորդություններ ներկայացնենք: Հենց այդ տրամաբանությամբ էլ պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործի յուրաքանչյուր հատորին ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել 2 օր ողջամիտ ժամանակ:

Վարույթն իրականացնող մարմինն իր որոշմամբ անհիմն եւ անօրինական կարգով սահմանափակել է քրեական գործի նյութերին ծանոթանալու մեր իրավունքը եւ 37 հատոր քրեական գործին ծանոթանալու եւ դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել է ընդամենը 15 օր ժամանակ՝ վստահ լինելով, որ այդ ժամանակը չի կարող բավարար լինել, առավել եւս, որ դրանց իրենց պաշտպանների հետ միասին պետք է ծանոթանան նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող Կարեն եւ Գագիկ Խաչատրյանները, որոնցից վերջինը նաեւ վատառողջ է եւ մշտական ցավեր ունի, որպիսի հանգամանքներն էլ ավելի են խոչընդոտում այդ սուղ ժամկետում գործի նյութերին լիարժեք ծանոթանալուն:

Այս կերպ մեղադրանքի կողմը խախտում է Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների պաշտպանության իրավունքը եւ փորձում է թույլ չտալ, որպեսզի վերջիններս եւ իրենց պաշտպանները վեր հանեն նրանց թերություններն ու անօրինականությունները եւ բարձրաձայնեն դրանց վերաբերյալ:

«Կանխազգալով նախաքննական մարմնի նման անօրինական գործելաոճը, մենք՝ Խաչատրյանների պաշտպաններս, դեռեւս 2020 թվականի հուլիսի 1-ին եւ 14-ին նախաքննական մարմնին հիշեցրել էին, որ քրեական գործը դատարան ուղարկելու պարագայում պարտավոր էր այն հաշվարկով նախաքննության ավարտ հայտարարել, որպեսզի պաշտպանության կողմին բավարար ժամանակ տրամադրեն գործի նյութերին ծանոթանալու համար», - նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Չնայած որ 06.07.2020թ. գրությամբ նախաքննական մարմինը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությունն ավարտելիս եւ քրեական գործի նյութերին ծանոթացնելիս վարույթն իրականացնող մարմինը ղեկավարվելու է բացառապես օրենքի անշեղ պահպանմամբ՝ բավարար ժամանակ տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում եւս օրենքն ԱԱԾ-ի համար միայն «թղթի» վրա է գործում, իսկ իրականում Խաչատրյանների եւ նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով»:

  • Կիսվել: