հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով. փաստաբան

ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով. փաստաբան

Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը ԿԳՄՍ նախարարին կոչ է անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին

«Հարգելի´ ՀՀ Ոստիկանություն,

Ինձ հետ կապ հաստատեցին Պահանջատեր դիմորդ շարժման անդամները և հայտնեցին, որ վաղը գնալու են ԿԳՄՍ նախարարություն` նախարարի հետ հանդիպման: Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որևէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին:

Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը` անչափահասների գործերով հանձնաժողովները առանց իրավահաջորդության լուծարված են:

Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետևաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է և համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն:

Հարգելի´ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը անխուսափելի»,- գրել է Ալեքսանդր Կոչուբաևը։

 

  • Կիսվել: