ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիներին ազատ են արձակել

ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիներին ազատ են արձակել

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չեթարկվելու համար Կենտրոնական բանկի մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված երկու քաղաքացիները ազատ են արձակվել, այս մասին InfoPort.am-ինտեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետագա գործողությունների մասին կհայտնի այսօր երեկոյան՝ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ բանկային համակարգը պետք է բերվի այն մակարդակի, որ ծառայի հասարակ քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։

Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։

  • Կիսվել: