ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայանման կանոնները չպահպանելու համար վարչական իրավախախտման արձանագրությունը կկազմվի առանց վարորդի

Կայանման կանոնները չպահպանելու համար վարչական իրավախախտման արձանագրությունը կկազմվի առանց վարորդի

Համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու գործընթացը մեկնարկելուց ի վեր ենթարկվել է պարբերական բարեփոխումների եւ ճշգրտումների։ Գծանշումների արդյունքում վարորդներն ազատվեցին կայանատեղիներում կանգնած՝ ըստ ճաշակի ու չափի դրամ հավաքելու երեւույթից։ Սակայն կարգավորման գործելու առաջին տարիներից բազմաթիվ հիմնահարցեր առաջացան։

Գործընթացը կարգավորելու համար 2012 թ. ընդունվեց «Երեւանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» համապատասխան որոշումը, որում սահմանվում է, թե ինչպիսի պայմաններում է ավտոկայանատեղերի կազմակերպումը համարվում թույլատրելի։ Վերջինով սահմանվում է, որ կայանատեղեր կարելի է կազմակերպել միայն այն փողոցներում, որտեղ երթեւեկությունը երկու ուղղությունով իրականացվում է երկու եւ ավելի գոտիներով։ Սակայն սկզբնական շրջանում բազմաթիվ էին դեպքերը, երբ կարմիր գծեր էին քաշվում մեկ լայն գոտի ունեցող փողոցներում։ Վարորդների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հետեւողական քայլերի միջոցով այդ խնդիրը լուծվեց։

Օրենքով սահմանվում է, որ ավտոկայանատեղիի կահավորման եւ գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան՝ ավտոկայանատեղիի կազմակերպչի կողմից, իսկ գծանշումը պետք է կատարվի նախագիծը ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո։ Սակայն սկզբնական շրջանում այն լիարժեք չէր արվում։ Արդյունքում կարմիր գծանշումներ էին արվում, օրինակ, կայանատեղիի համար արգելված հատվածներում, խաչմերուկից 5 մետրից պակաս հեռավորությունում։ Վարորդները կանգնում էին նախատեսված հատվածում, որից հետո տուգանվում էին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ Տարիների ընթացքում նման գծանշումները նույնպես վերացվեցին։ Սակայն ժամանակի հետ ի հայտ են գալիս նոր հակասություններ։

Պարզվում է՝ այս տարիների ընթացքում համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունները կազմվել են ոչ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների համաձայն։ Վերջինով սահմանված է, որ կայանման կանոնները խախտելու վերաբերյալ ակտը պետք է կազմվի ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ։ Իսկ Երեւան քաղաքի ավագանու 2012 թ. համապատասխան որոշման համաձայն վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ է մշտապես կայացվել։ Ստացվում է, որ այն չէր կարելի կիրառել, այն պարզ պատճառով, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքով այլ կարգավորում է տրված։

Երկար տարիների բազմաթիվ դատական պրոցեսների եւ վարչական վարույթների քննության արդյունքում 2019 թ. մարտի 22—ին ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է այդ հակասությունը։

Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի օրակարգ ընդգրկված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ, ինչը կլուծի նաեւ վերոնշյալ խնդիրը։ Օրենքով թույլատրվում է, որ նման գործերով իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմվի։ Նախագծով սահմանվում են նաեւ սույն գործերով վարչական վարույթի փուլերը։

 

Ներկայում, հատկապես մայրաքաղաքում շատ են դեպքերը, երբ առանց համարանիշի մեքենաների կցորդները կայանվում են վճարովի ավտոկայանատեղիներում եւ երբեմն նաեւ ամիսներով չեն տեղաշարժվում՝ վարելով տնտեսական գործունեություն։ Շատ են նաեւ նման շրջիկ գործունեություն իրականացնող համարանիշներով տրանսպորտային միջոցները։

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագծով կանոնակարգվել է նաեւ այս խնդիրը։ Մասնավորապես՝ նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում է բացառություն անել այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով։

Ավտոկայանատեղի վճարը չկատարելու համար կազմված վարչական ակտի հասցեատեր, ըստ առաջարկվող կարգավորման, համարվում են ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը, իսկ ավտոտրանսպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության սեփականություն է՝ ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար։

Փոփոխությունների օրենսդրական փաթեթի մեջ ընդգրկված «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով էլ նախատեսվում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար։

Նախագծով սահմանվում է, որ օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում է համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք։

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նաեւ հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում՝ նաեւ գոտիավորման սկզբունքով։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

  • Կիսվել: