չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զորամասում վառարանը վառել են ավտոբենզինով․15 զինծառայող զոհվելու և յոթ զինծառայողի վնասվածքներ ստանալու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զորամասում վառարանը վառել են ավտոբենզինով․15 զինծառայող զոհվելու և յոթ զինծառայողի վնասվածքներ ստանալու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը: Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:

  • Կիսվել: