ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյան արդարացվելու է, դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից. փաստաբան

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյան արդարացվելու է, դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից. փաստաբան

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանն արդարացվելու է. դատախազությունը հրաժարվել է Էլոյանի մեղադրանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում կամ ինչպես ասում են լավին լավ, վատին վատ...

2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանությունը "կոռուպցիայի դեմ պայքարի" շրջանակներում շատ հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել եւ շտապել էր հայտնել, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ այդ թվում Սեւանի հարկային տեսչության պետը կաշառք են ստացել։

Դեպքը հետաքրքիր էր այնքանով, որ դա հետմայիսյան շրջանում " կաշառք"֊ի բացահայտման առաջին դեպքն էր եւ նախորդում էր ԱԺ ընտրությունների քարոզարշավին ու հենց քարոզարշավի ժամանակ ով ասես, ոնց ասես խախտում էր "Անմեղության կանխավարկածը", անձանց ներկայացնում էին որպես հանցագործներ, իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ սույն դեպքը ներկայացնում էին որպես կատարված աշխատանքի արդյունք, դե իսկ դատարանն էլ, հանրային լայն արձագանքի պատճառով, քար լռությամբ կալանավորում էին մարդկանց, չցանկանալով հայտնել որոշ անձանց թիրախի տակ։

Իսկ արդեն մեկ տարուց ավել տեւած դատաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ի դեմս գործով մեղադրողի, ի պատիվ դատախազության, այսօր կայացրեց օբյեկտիվ, արդարությունը վերականգնող եւ իմ պատկերացմամբ շատ դժվար որոշում (հաշվի առնելով սույն գործով հանրային արձագանքը, դժվար էր օբյեկտիվ որոշման հանգել) եւ դատական նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ 10֊րդ բաժնի պետի (Սեւանի հարկային տեսչության պետ) մեղադրանքից հրաժարվելու մասին։

Նորից եմ կրկնում անհատ դատախազներից, անհատական ցանկացած օբյեկտիվ որոշումից է կախված վաղվա մեր իրավական պետության ճակատագիրը ու շնորհակալ եմ գլխավոր դատախազությանը կոնկրետ այս դեպքով օբյեկտիվությունը պահպանելու, տարատեսակ հայտարարություններից չընկճվելու եւ հիրավի որպես գլխավոր դատախազություն հանդես գալու համար։

Հ.Գ. Պարոնայք պետական այրեր, այլեւս մի փորձեք անմեղ անձանց հանցագործության մեջ մեղադրելով ապացուցել ձեր աշխատանքի արդյունավետությունը, միեւնույնն է արդարությունը վերականգնվում է։

Հ.Գ.Գ. Սուրեն էլոյանի մասով, ով մեղադրվում էր խմբով, շորթմամբ, խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ում սպառնում էր 4֊10 տարի ժամկետով ազատազրկում, ով նախաքննության ժամանակ եղել էր կալանավորված, Դատարանը օրենքի ուժով կկայացնի արդարացման դատական ակտ»։

  • Կիսվել: