ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանա. Ռուբինյան

Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանա. Ռուբինյան

Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:

Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և գործողություններ չեն մտնում այս տրամաբանության մեջ և չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:

Պարոն Բուքիքյոն հայտարարության վերջում բոլոր կողմերին կոչ է արել նպաստել իրավիճակի լիցքաթափմանը՝ երաշխավորելու համար սահմանադրության նորմալ գործունեությունը:

Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքյոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի:

Կարևոր եմ համարում պարոն Բուքիքյոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ:

Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Հայսատանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

  • Կիսվել: