հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ՝ իրենցից ցածր կառույցների վրա. անհետ կորածի հայր

Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ՝ իրենցից ցածր կառույցների վրա. անհետ կորածի հայր

Անհետ կորած է համարվում, բայց իմ տեղեկություններով գերի է, որովհետեւ տեսնող է եղել, որ գերի է ընկել: Այս մասին Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը:

«Մենք պահանջում են բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այսօր Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեմ, որովհետև երեխաների գլխին դատական գործեր են  սարքում, որ նրանք գերիներ չեն, հանցագործներ են»,- ասաց նա:

Անհետ կորածի հայրը նշեց, որ գոհ չեն գերիներին վերադարձնելու գործում ՀՀ իշխանությունների քայլերից. «Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որևէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ իրենցից ցածր կառույցների վրա»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ», անհետ կորածի հայրն ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ գերի: 1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարինտակ գյուղից ինձ վերցրել էին, 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների... եթե նրանք գան էլ, նրանց համար այլևս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:

  • Կիսվել: