հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապան քաղաքում առանձնակի դաժանությամբ հորեղբորը սպանելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Կապան քաղաքում առանձնակի դաժանությամբ հորեղբորը սպանելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նախօրեին Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակչի՝ առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությունը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից 30-ամյա տղամարդուն, ով տուժողի եղբորորդին է, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Հիշեցնեմ, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել էր վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ապա կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը։ Սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: