շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով։

Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

«Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն: Մինչդեռ տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է: Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը նշանակում է, որ հասարակությունում նրանց իրավունքների հետ կապված առկա են խնդիրներ: Կարևոր չէ, մեծ են այդ խնդիրները թե փոքր: Փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»,- ասել է Պաշտպանը:

Պաշտպանն անդրադարձել է նաև ընտանեկան բռնության դեպքերին:

«Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, տնտեսական և բռնության այլ տեսակների մասին է: Դա ուղղված է, ի թիվս այլնի, կանանց դերակատարությունը հասարակական կյանքում նվազեցնելուն»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն անդրադարձել է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա անհանդուրժողականությանը:

«Անհանդուրժողականությունը հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Ավելին, կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդրի մասին՝ իրավունքների բաժանմանը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին ուշադրություն է կենտրոնացվում, շատերի կողմից դա ներկայացվում է որպես իրավունքի «անկարևոր» տեսակ և երկրորդային գործունեություն: Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Հանդիպման վերջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:

  • Կիսվել: