հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին եւ հավանությունը ստացել է. փաստաբան

Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին եւ հավանությունը ստացել է. փաստաբան

Արցախի պաշտպանության նախկին նախարար  Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հավանությունը ստացել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսին ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Արսեն Սարդարյանն ասաց, որ տվյալ չունի՝ արդյո՞ք վարչապետն այս գործով հարցաքննվել է, թե՝ ոչ.

«Որպես Գերագույն հրամանատար նրան զեկուցվել է մտահղացման մասին, ստացել է հավանությունը։ Կարծում եմ՝ այդ իրավիակում հավանություն չտալը թե ԳՇ պետի կողմից, թե Գերագույն հրամանատարի կողմից կլիներ սխալ, որովհետեւ այդ պահին երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքեւի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր ամբողջ պատերազմի առումով»։

Սարդարյանը նշեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ հայական կողմը դեռեւս ունեցել է համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա. «Հակահարձակման օրը հակառակորդի 15 անօդաչու է խոցվել։ Մեղադրանքում գրվում է, որ գիշերային պայմանները չեն օգտագործվել։ Գիշերային պայմաններն ինչպես օգտագործվի, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որ կարողանա մարտ վարել գիշերային պայմաններում»։

Անդրադառնալով մեղադրանքի այն մասին, որ զորքի երկու թեւերի փոխհամագործակցությունը չի կազմակերպվել, եւ նրանք մարտի մեջ են մտել ժամանակագրական առումով ոչ ճիշտ պահերի, փաստաբանն ասաց. «Այդ հաշվարկն արել է Գլխավոր շտաբը, եւ շատ ճիշտ է հաշվել, թե երկու թեւերը երբ պետք է ելման կետից դուրս գան, որ ճիշտ պահին սկսեն ռազմական գործողությունները։ Թե աջ, թե ձախ թեւերում ռազմական գործողությունները ճիշտ ժամանակին սկսվել են։ Ընթացքում արդեն ռազմական գործողությունների որոշակի փուլում աջ թեւը հրաժարվել է առաջ գնալ։ Այս տվյալը ստացվել է այն ժամանակ, երբ ձախ թեւում մենք արդեն հասած ենք եղել Ջաբրայիլ-Հորադիզ»։

Անդրադառնալով նահանջի հրաման տալուն՝ Սարդարյանն ասաց. «Ձախակողմյան թեւը հասած է եղել Ջաբրայիլ, որտեղ պետք է եղել մեր տեխնիկան ամրացնել, դիրքերը վերցնել, բայց դիրքերը չեն ամրացել, տեղում դա չի կազմակերպվել,որոշ ժամանակ անց հրամանատարին ասել են, որ զորքի մարտական ոգին ընկած է եւ նպատակահարմար է նահանջել։ Հրամանատարի համապատասխան զեկույցի հիման վրա  թույլ է տրվել նահանջել, նաեւ հաշվի առնելով, որ աջակողմյան թեւն առաջ չի գնում»։

  • Կիսվել: