երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողների դեպքի գործով որոշվել է գործով վկա գնդապետ Արտակ Մախսուդյանին բերման ենթարկել

Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողների դեպքի գործով որոշվել է գործով վկա գնդապետ Արտակ Մախսուդյանին բերման ենթարկել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, 44-օրյա պատերազմին Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողի եւ 2 սպաների դեպքի գործով դատական նիստին որոշվել է գործով վկա գնդապետ Արտակ Մախսուդյանին բերման ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայող Արտաշես Խալաթյանի հայրը՝ Հակոբ Խալաթյանը։

Զոհված զինծառայողի հայրն ասաց, որ դատարանն անցել է գործով վկաների հարցաքննությանը, սակայն վկաներից Մախսուդյանը արդեն երրորդ դատական նիստն է՝ դատարան չի ներկայանում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք:

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։

Թեպետ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում, սակայն զինծառայողների հարազատները պնդում են՝ նա մեղավոր է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Ծնողները վստահ են՝ հենց նրա սխալ հրամանի պատճառով են 18 տղաները զոհվել։

  • Կիսվել: