հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրենց ազգային-պահպանողական հռչակած իշխանության ժամանակ փողով երեխաներ են վաճառվել. Պապոյանը՝ ՄԻՊ-ին

Իրենց ազգային-պահպանողական հռչակած իշխանության ժամանակ փողով երեխաներ են վաճառվել. Պապոյանը՝ ՄԻՊ-ին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման ու վաճառքի դեպքերին։

Նա հիշեցրեց, որ այս հարցով կա հարուցված քրեական գործ, ըստ որի, այլ երկրների քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի որդեգրումներ։  

«Հետևո՞ւմ եք այս գործին, ի՞նչ է կատարվել, ի՞նչ է կատարվել նախկինում, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել ու ի՞նչ եք անում հիմա։ Սա պատահական չեմ ասում, քանի որ դեռևս Հայոց ցեղասպանության օրերին Զորավար Անդրանիկի ու Հովհաննես Թումանյանի ջանքերով կազմակերպվեց «Մեկ հայ՝ մեկ ոսկի» ծրագիրը, ըստ որի, հազարավոր հայ երեխաներ ոսկով գնվեցին թուրքերից։ Ըստ այս քրեական գործի, պարզվում է, որ 100 տարի չանցած Հայաստանում փողով, ոսկով երեխաներ են վաճառվել։ Ընդորում, վաճառվել է մի իշխանության ժամանակ, որն իրեն հռչակել էր ազգային պահպանողական արժեքների կրող»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ պատգամավորը կարևոր հարցադրում է անում, քանի որ երեխաների իրավունքների պաշտպանության ռիսկային կողմերից է համարվում որդեգրման պաշտպանության հարցերը։

«Այո, կա քրեական վարույթ հարուցված, ՄԻՊ աշխատակազմում նույնպես այս առումով հարուցված վարույթ կա, մենք քրեական հետապնդման մարմիններին նաև համապատասխան հարցումներ ենք ուղարկել ու կատարել ուսումնասիրություններ։ Մեր ուսումնասիրությունների արյդունքները տեղ են գտնել զեկույցում։ Ինչ վերաբերվում է նախկինում առկա խնդիրներին, ապա ասեմ, որ այս ոլորտը եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո, ավելին՝ շատ դեպքերում անտեսված, ինչի պատճառով էլ նաև կուտակված խնդիրներ կան»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: