հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրավապահները մտել են Կենտրոնի թաղապետարան. ինչ է արել թաղապետը. ArmLur.am

Իրավապահները մտել են Կենտրոնի թաղապետարան. ինչ է արել թաղապետը. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Կենտրոնի թաղապետարանի դեմ:

Մասնավորապես, քաղաքապետարանի պաշտոնյան հայտնել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ազիզյանը, իր պաշտոնեական լիազորությունները օգտագործելով, մի շարք չարաշահումներ է թույլ տվել: Իրավապահները հաղորդման հիման վրա ներխուժել են Կենտրոնի թաղապետարան եւ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ազիզյանը 03.11.2020թ-ի թիվ 54-Ա կարգադրությամբ դուրս գալով իր իրավասությունից, ինքն իրեն նշանակել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի ՔՀՎՎ-ի կողմից ուղարկված Կենտրոն վարչական շրջանում առկա ապօրինի շինարարությունների դեպքերի վերաբերյալ գրություններին ընթացք չի տվել և վերացական պատասխան գրություններ է ուղարկել: Բացի այդ շուրջ 5 ամիս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում գրանցել է որպես աշխատակից Անանիա Մաղաքյանին, ով աշխատանքի չի հաճախել և նրա անվամբ հաշվարկված և դուրս գրված գումարները վատնվել են: Ա.Ազիզյանը նաև առանց տեխնիկական հսկողության Կենտրոն վարչական շրջանի շենքում և բակում իրականացրել է շինարարական աշխատանքներ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ArmLur.am-ը վերոհիշյալ խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հետ, սակայն քարտուղարուհին փոխանցեց, որ նա զբաղված է: Մեզ խոստացան նաև, որ ավելի ուշ կզանգահարի աշխատակազմի ղեկավարը և կպատասխանի մեր հարցերին:

  • Կիսվել: