ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ ներքնազգեստով կանդալեցին, տղայիս 20 հոգով տշելով մտցրին մեքենան. «Վստրեչի Ապերի» ընկերոջ հայր

Ինձ ներքնազգեստով կանդալեցին, տղայիս 20 հոգով տշելով մտցրին մեքենան. «Վստրեչի Ապերի» ընկերոջ հայր

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողություններից բացի անցած գիշեր ոստիկանները նրա ընկերոջ տուն են այցելել. սկզբում բերման ենթարկել ընկերոջ հորը, հետո բաց թողել ու բերման ենթարկել ընկերոջը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց բերման ենթարկվածի հայրը՝ Ժորա Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց.. «Դուռը կիսաբաց արեցի, որ տեսնեի՝ ով է, ձեռքիցս բռնեցին, քաշեցին, գցեցին պադեզդի մեջ, կանդալեցին տռուսիկ-մայկով ու այդպես մինչեւ մեքենա տարան։ Զենքը պահել էին 80 տարեկան մորս եւ կնոջս վրա։ 90 տարեկան հայրս պառկած էր, եկել, վերմակը բարձրացնում են՝ տեսնեն՝ տակը ով է պառկած։ Էրեբունու բաժնի օպերներն էին մասկա հագած։ Ինձ մինչեւ մեքենան հասցրին, այդ պահին տղաս եկավ, ինձ բաց թողեցին ու տղայիս 20 հոգով գցեցին գետնին ու տշելով մտցրին մեքենան ու տարան։ Առավոտյան հետ եկավ տուն։ Թվով 5-6 մեքենա էին, երեւի մոտ 35-ից 40 հոգի էին։ Ամբողջ տունը շրջափակել էին։ Չհասցրին վնաս տալ տանը, ես տանը մեծ շուն ունեմ, շատը շնից վախեցան» ։

Նա հայտնեց նաև իր հասցեն՝ ապրում է Տիգրան Մեծ-ում, ասաց, որ որ որդուն բերման ենթարկելու ընթացքում ծեծել են, հիմա նա ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ երկու քաղաքացու, երկու հոգի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։

Նշենք, որ  Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ հաղոդվել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։

  • Կիսվել: