Ինձ լռեցնելու փորձ է, կաշառքի հետ կապված մեղադրանքը չեմ ընդունում, մերկապարանոց հայտարարություն է․ Էրիկ Ալեքսանյան
Լուրեր են պտտվում, թե իբր ինձ առաջադրվել է մեղադրանք ինչ-որ կաշառքի հետ կապված, ուղիղ ասեմ՝ դա չի համապատասխանում իրականությանը, որևէ կաշառքի մեղադրանքի հետ կապված խոսք չկա, չի էլ կարող լինել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես չեմ կարող ներգրավված լինել որևէ կոռուպցիոն հանցանքի մեջ։ Մեղադրանքը լրիվ այլ հանգամանքների մասին է։ Մեղադրանքը վերաբերում է նրան, թե իբրև ես օժանդակել եմ պաշտոնատար անձին՝ տվյալ դեպքում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որպեսզի վերջինս չարաշահի իր լիազորությունները։ Խորապես չանդրադառնալով մեղադրանքի փաստական հանգամանքներին՝ օժանդակությունը համարում են իմ մասնագիտական գործունեության ծավալելը, որոշակի դատավարական գործողոթյուններ ներկայացելը։ Միանշանակ մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է, մերկապարանոց հայտարարություն է: Սա ոչ այլ ինչ է, քան միջամտություն իմ մասնագիտական գործունեությանը, սա ինձ լռեցնելու փորձ է»,- ասաց փաստանանը։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քննության ընթացքում կապացուցի, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
«Այն մեղադրանքը, որ առաջադրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ծայրից ծայր ապօրինի է։ Նշվում, է որ նա լիազորություններ է չարաշահել, բայց թե ո՞ր լիազորություններն է չարաշահել, քննիչը փաստական տվյալ և պարզաբանում չի ներկայացրել։ Սա նույն պատմությունն է, ինչ եղել էր դատավոր Բախշիյանի պարագայում»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ չի հաջողվելու իրեն լռեցնել. «Ես՝ որպես փաստաբան, հայտնի եմ բազմաթիվ հնչեղ քրեական գործերով պաշտպանություն իրականացնող մարդ։ Այդ քրեական գործերի շրջանակներում, օբյեկտիվ հիմք ունենալով, հանդես եմ եկել նաև սուր քննադատություններով։ Եթե հայտնվել եմ այդ աթոռին, եթե մտածում են՝ այս հանգամանքն ինձ կկաշկանդի, ապա չարաշար սխալվում են։ Սա ոչ այլ ինչ է, քան մասնագիտական գործունեությանը միջամտություն, սա ինձ լռեցնելու փորձ է։ Եթե իրենց եղանակն ինձ մեղադրանք առաջադրելն է, կալանավորելն է, ապա սխալվել են։ Ես կալանավորվելուց չեմ վախենում, քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ այն, ինչն ինձ վերագրում են»։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քննիչի կողմից ներկայացված որևէ փաստական տվյալ չի վկայում, որ եթե ինքը գործողություններ կատարել է, ապա գիտակցել է, որ ենթադրաբար այլ պաշտոնատար անձ այդ միջնորդության վերաբերյալ ունի հանցավոր մտադրություն։


