ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու. փաստաբան

Ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու. փաստաբան

Ոչ ոքի մտքով չի անցել փորձել ինձ հետ պահել որևէ անձի պաշտպանությունն իրականացնելուց, առավել ևս շանտաժի լեզվով խոսելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նշել է, որ մարդիկ, այդ թվում՝ իշխանությունները, գիտակցել են, որ դա անիմաստ զբաղմունք է:

Փաստաբանը, մասնավորապես, նշել է. «24 տարի զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, փաստաբան եմ։ Առաջին իսկ տարուց ներկայացրել եմ շատ մարդկանց, այդ թվում քաղբանտարկյալների շահեր, տարաբնույթ մեղադրաքներով, տարաբնույթ պատկերացումներով, ուղղվածությամբ, տարբեր գաղափարների տեր մարդկանց։ Ոչ ոքի մտքով չի անցել փորձել ինձ հետ պահել որևէ անձի պաշտպանությունն իրականացնելուց, առավել ևս շանտաժի լեզվով խոսելով։ Մարդիկ, այդ թվում իշխանությունները, գիտակցել են, որ դա անիմաստ զբաղմունք է, ու նման քայլից զերծ են մնացել։

Ժամանակները փոխվել են։ Հայտարարվում է, որ «սիրո» ու «հանդուրժողականության» հեղափոխություն է եղել, այդպես է հայտարարվում։ Իրավիճակ է փոխվել, և այժմ հայտնվել են անձինք, ում մտքով անցնում է, որ ինձ կարող են համոզել հետ կանգնել իմ գաղափարներից ու սկզբունքներից, և չիրականացնել կոնկրետ անձանց պաշտպանություն։

Ուզում եմ բոլորն իմանան` ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու, ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել։ Սկզբունքներս ու գաղափարներս երբեք չեմ փոխելու ու կանգնած եմ մնալու պաշտպանյալներիս կողքին։

 

Գրառմանս հետ կապված խնդրում եմ դեռ հարցեր չտալ։ Հուսով եմ մարդիկ կսթափվեն ու կգիտակցեն, որ փաստաբանները իրենց հետագայում կրկին պետք են գալու։

Ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը»։

 

  • Կիսվել: