չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։

Նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու առաջնահերությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք ոլորտային փորձագետի հետ քննարկել են անձնական օգնական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման առնչությամբ հարցեր:

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

«Մեզ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ծրագրային դրույթներ ամրագրենք, այլ նաև համատեղ ջանքերի արդյունքում նպաստենք ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր այն խնդիրների տեսանկյունից, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցվի մեր աշխատանքը»,- ասել է Պաշտպանը։

Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և երկարաժամկետ համագործակցությունը։

  • Կիսվել: