շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, և պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու համար. Զոհրաբյան

Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, և պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու համար. Զոհրաբյան

«Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու և 6 անգամ կախելու: Ես չեմ խոսում այդ ֆեյք ինդուստրիայի թափթփուկների մասին, որոնք թաքնվում են տարբեր անունների տակ: Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, և պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու համար»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, օրինաչափ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ելույթի առանցքն ատելության ու ատելության խոսքի հիմնահարցն էր։

«Մենք այս ամբիոնից խոսում էինք, որ կանգնել ենք ջրբաժանի առաջ, որ ատելությունն ուղղակի կազմաքանդում է հասարակությունը, հենց այս ամբիոնից իմ բազմաթիվ գործընկերներ ասում էին՝ տիկին Զոհրաբյան, կարող է Ձեզ չեն սիրում, դրա համար ատելության գերդոզա եք տեսնում: Հիմա մենք տեսնում ենք, որ ինձ սիրել-չսիրելու հարցը չէ այստեղ: Այո, ինձ չսիրողներ կան, բայց կան նաև սիրողներ, և ես երբեք գիր ու ղուշ չեմ արել՝ որոշելու, թե ով է սիրում, ով չի սիրում: Ես խոսել եմ երևույթի մասին, որ այսօր այն, ինչ տեղի է ունենում, այո, ամենաթողության մասին է»,- ասաց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաձայն է Մարդու իրավունքներ պաշտպանի հետ, երբ ասում է՝ եթե պետությունը ժամանակին արձագանքեր. «Երևանի ավագանու ընտրության ժամանակ շատ համակարգված ձևով ինձ սարքեցին թիրախ, իմ երեխային, իմ ընտանիքը, իմ մահացած հոր գերեզմանը սարքեցին թիրախ, և պետությունը որևէ բան չարեց»։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ այդ ամենից հետո էլ ինքը չի «կոտրվել», քանի որ դա իր տեսակը չէ։ «Ես ներում եմ բոլոր այդ մարդկանց, ներում եմ, որ ապրեմ խաղաղ ու հանգիստ բայց երբեք չեմ մոռանալու իրենց անունները»։

Սակայն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այսօր լուրջ խնդրի առաջ ենք կանգնել և չի հավատում, որ միայն օրենսդրական կարգավորումներով այս խնդիրը կլուծվի:

«Եթե քաղաքական ուժերը, լրատվամիջոցներն ու քաղհասարակությունը չգան բարոյական ու ջենտլմենական համաձայնության, որ կարմիր գծից այն կողմ որևէ մեկը չպետք է անցնի, անընդհատ ունենալու ենք նման տգեղ, ցավալի ու ցածրակարգ բանավեճեր: Եվ քաղաքական դիսկուրսը փոխարինվելու է բռուցքներով»,- ասաց նա։

  • Կիսվել: