չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինչու չի լուծվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Ինչու չի լուծվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում որպես պատանդ են պահվում քաղաքական պահանջների բավարարման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
 
«Եթե քաղաքական բնույթի հարցերում տեղի է ունենում հարաբերությունների սրում, այդ ժամանակ հայրենադարձման հարցն առկախվում է, և փաստացի տեղաշարժեր չեն լինում։ Դա վերահաստատում է այն մոտեցումը, որ գերիները պահվում են որպես պատանդներ քաղաքական պահանջների բավարարման համար, և քանի դեռ չկա այդ պահանջների բավարարման մասով առաջընթաց, Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլ չի իրականացվում։ Ռազմագերիների առանձին խմբերի վերադարձը սովորաբար հաջորդել է որոշակի զիջումներին, ինչը հավելյալ հավաստում է այն իրողության, որ մենք գործ ունենք քաղաքական առևտրի հետ, և ռազմագերիների խնդիրը միջազգային մարդասիրական օրակարգում դրված չէ»,– ասաց Սահակյանը։
Անդրադառնալով հարցի զուտ իրավական կողմին` նա ընդգծեց, որ Հայաստանն ուղիղ ձևով նման պահանջ խտրականության համատեքստում դրել էր ՄԱԿ–ի միջազգային դատարանի առջև, սակայն այդ ատյանը մերժեց` նշելով, որ գերեվարման ու խտրական քաղաքականության միջև չկա ուղիղ պատճառահետևանքային կապ, այսինքն` դատարանին չէին տրամադրվել բավարար ապացույցներ, որ գերիներին պահելն ինքնին ռասայական խտրականության դրսևորումներից մեկն է։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին կարող է անդրադառնալ վերջնական վճռի մեջ և այս փուլում բացառապես անվտանգային միջոցներ է ձեռնարկում նրանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև երաշխավորում է Միջազգային կարմիր խաչի անխափան գործունեությունը, այսինքն` չեզոք երկրների ուժերի հետ արտաքին շփումը»,– ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

  • Կիսվել: