հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC

Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։

 BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում:  

«Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»:

BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել և ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, և մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների գերի ընկնելու հանգամանքները:

Հոդվածի հեղինակը նաև զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ:

 

Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն ըստ Արման Թաթոյանի՝ այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի:

BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով:

«Դատավարություններն ընթանում էին հապճեպ, առանց գործի մեջ խորամուխ լինելու. չէ՞ որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղն այդ մարդիկ դառնալու են փոխանակման և սակարկության առարկա հայկական կողմի հետ կամ ամերիկյան կամ նույնիսկ սիրիական, քանի որ այնտեղ կա Սիրիայի երկու քաղաքացի», - նշում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը:

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանին գերիները հարկավոր են, «տարբեր քաղաքական ժեստերի» համար, օրինակ, երբ տարածաշրջան եկավ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին հանձնեցին 15 գերու:

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բախվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին. հայերը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ Ադրբեջանի իշխանություններն աջակցում են երկրում հայատյացությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

  • Կիսվել: