կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դա հրատապ խնդիր է. արտահերթ նիստի օրակարգային հարցերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով

Դա հրատապ խնդիր է. արտահերթ նիստի օրակարգային հարցերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում  են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը։

Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ օրակարգային հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Դա նշանակում է, որ առաջին  ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են 24 ժամի ընթացքում, իսկ գրավոր առաջարկների համար սահմանվում է 3 ժամ։

Նախագծերի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել հունիսի 22-ին խորհրդարանի հաստատած սահմանադրական փոփոխությունները, և դրանով պայմանավորված այժմ անհրաժեշտ է ՍԴ մասին օրենքի  88-րդ հոդվածի անցումային դրույթները համապատասխանեցնել Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրմանը։

«Դա հրատապ խնդիր է, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը, և այդ խնդիրը մենք պետք է լուծենք։ Ըստ այդմ, առաջարկում ենք արտահերթ նիստի օրակարգային հարցերը քննարկվեն հատուկ ընթացակարգով»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում։  

  • Կիսվել: