երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իմ պաշտպանյալը չի խուսափում պատասխանատվությունից․ Արմավիրի թունավորման գործով կալանավորվածի փաստաբան

Իմ պաշտպանյալը չի խուսափում պատասխանատվությունից․ Արմավիրի թունավորման գործով կալանավորվածի փաստաբան

Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով կալանավորված Աշոտ Հովսեփյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։ «Վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը իմ պաշտպանյալին կալանավորելու մասին համարում եմ անարդար, անհիմն, ապօրինի», -InfoPort.am-ին տեղեկացրեց Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը չի խուսափում պատասխանատվությունից, բայց կալանավորելու մասին դատարանի որոշումը հիմնավորված չէ։ Նշենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը։ Սակայն, փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի արարքներում դիտավորություն չի եղել, քանի որ նա սովորականի նման իր գործով է զբաղվել։ «Մեզ համար էլ է կասկածելի սպիրտի ծագումը, դրա մեջ մահացու նյութի առկայությունը», -ընդգծեց փաստաբանը։

Ըստ Գևորգյանի, քննիչը կալանավորելու մասին միջնորդությամբ ներկայացրել է, որ Աշոտ Հովսեփյանը մնալով ազատության մեջ կարող է խուսափել կամ թաքնվել քննությունից, սակայն փաստաբանի խոսքով, Հովսեփյանը դեպքից հետո երեք օր մնացել է ազատության մեջ և ոչ մի կերպ չի փորձել փախչել։ Ավելին, Գևորգյանի խոսքով, նա ունի շաքարային դիաբետ, ինսուլին է ստանում օրական չորս անգամ և «50 տոկոսից ավելի առողջություն չունի»։

«Դատարանը պետք է վեր դասեր իրեն հասարակական կարծիքից ու պատճառաբանված որոշում կայացներ։ Բայց իրենք իրենց որոշումներով ավելի են դրդում պաշտպանական կողմին բողոքարկումներով ու այլ գործողություններով հանդես գալ։ Մենք գնում ենք իրավական պայքարի», -հավելեց փաստաբանը։

  • Կիսվել: