«Հուժկու, անակնկալ կրակի տակ են ընկել. ինչ հնարավոր է արել են, բայց զոհվել են տղաները». զոհվածի ծնող
Փաստորեն այս գործընթացում մենք ականատես եղանք, որ պաշտպանական կողմը իր պաշտպանությունը կառուցել է մյուսներին մեղադրելու շրջանակներում, այսինքն բոլորը մեղավոր են, ինքնապաշտպանություն չեն կատարել, դիվիզիոնի հրամանատարը և այլն, բայց մի հանգամանք պետք է հաշվի առնենք, որ այդ բոլոր «եթե»–ները սկսվել է ամենակարևոր «եթե»–ից հետո, այսինքն եթե չլիներ հստակ պատասխան յուրային կամ հակառակորդ լինելու, մնացած հետևանքները ես համոզված եմ՝ չէին լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստում նշեց տուժողի իրավահաջորդներից մեկը։
Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ Գենադի Բաղդասարյանի հետ, սակայն Ջալալ Հարությունյանը հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։
Նա, մասնավորապես, նշեց. «Ես լավագույն ձևով ճանաչում եմ դիվիզիոնի անձնակազմին որպես բանիմաց սպաներ, բազմաթիվ անգամներում զորավարժություններում իրենց ամենից լավ կողմից դրսևորված ստորաբաժանում է եղել։ Այստեղ դիվիզիոնի հրամանատարը մեղադրվեց, որ փախուստային տրամադրություն ուներ։ Ես դա կհերքեմ, ես ոչ թե դիվիզիոնի հրամանատարին եմ հիմա պաշտպանում, այլ իրականությունն եմ ասում։ Դիվիզիոնը հոկտեմբերի 4-5–ին գտնվել է Աղդամի ուղղությունում, մարտական խնդիր է ստացել, հապճեպ տեղափոխվել Հադրութի ուղղություն, մոտ 120 կիլոմետր երթ է կատարել անօդաչուների հարվածների տակ։ Խելացի, գրագետ ձևով այդ երթը կազմակերպել է։ Հասել են, անցել են 18-րդ դիվիզիայի հրամանատարության տակ, որոշվել է կրակային դիրք, կահավորել են կրակային դիրքը Ջրաշխարհ կոչվող տեղամասում։ Հոկտեմբերի վեցին խնդիր են ստացել, որ պետք է առաջ շարժվեն այդ չարաբաստիկ հակահարվածի իրականացմանը մասնակցելու համար։
Մենք շատ լավ գիտենք, որ որոշ ստորաբաժանումներ այդ հակահարվածին չեն մասնակցել, պարզապես գտնվել են Մատաղիսում կամ այլ ուղղություններում։
Նշում են, որ դիվերսիոն խմբեր են ներթափանցած եղել։ Նման պարագայում բանակի հրամանատարը առավելևս պետք է ասեր՝ չգիտեմ ովքեր են։
Անակնկալ է սկսվել ամեն ինչը, քանի որ արխայնացած են եղել, որ եկողները յուրայիններ են։
Մեր տղաները զոհվել են հրանոթների մոտ, ոունեինք զոհեր մեքենայի մոտ, մենք ունեինք յոթ զոհված զինծառայողներ, տեսագրությունն էլ կա, որոնք փոսի մեջ են եղել, այսինքն իրենք զբաղվել են ինքնապաշտպանությամբ։ Տղաներն արել են այն, ինչ հնարավոր է եղել և զոհվել են»։
Դատավոր Մխիթար Պապոյանը հարցրեց՝ եթե ի սկզբանե իմանային, որ դիմացը թշնամին է, յուրայիններ չեն, ինչ կարող էին անել, ծնողը պատասխանեց. «Եթե ի սկզբանե իմանային, այսինքն կրակային դիրքից մոտավորապես մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, ապա հնարավոր էր փակ կրակային դիրքից, որ հրանոթը չի տեսնում նշանակետը, հաշվում է տեղանքը, տվյալները հաղորդում են, կրակային դիրքը խոցում է։ Այստեղ երկու մարտկոցներով, ութ հրանոթով, եթե կրակային ազդեցություն գործեին, միանշանակ հակառակորդը կշեղեր ուղղությունը կամ կհրաժարվեր այդ ուղղությունով առաջ գալուց։ Կամ էլ կսպանվեին։
Եթե այդ ընթացքում եկած լիներ կասկածամիտ պատասխանը, կամ ընդհանրապես ասեին՝ արա էշե՞ր եք դուք, զբաղվեք ձեր գործով, դուք տեղում ճշտեք որոշում կայացրեք, այդ դեպքում իրենք տեղում կորոշեին՝ կամ դուրս կգային, կամ հեռու մատույցներում խոցման որոշում կկայացնեին»։
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։
Նշենք, որ դատավճռի դեմ բողոք է ներկայացրել նաեւ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։
Ըստ մեղադրանքի՝ ջալալ Հարությունյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։