ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հույս ունեմ՝ նման որակի մեղադրանք դատախազությունը չի հաստատի, Արմեն Թավադյանի փաստաբան

Հույս ունեմ՝ նման որակի մեղադրանք դատախազությունը չի հաստատի, Արմեն Թավադյանի փաստաբան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը ՀՀ քրեական օրենսգրքի ծանր հոդվածով մեղադրյալ և Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերջերս ազատվել էր կալանքից, համոզված է՝ իր նկատմամբ մեղադրանքը լրատվամիջոցներին և մասնավորապես, իր հեռուստաընկերությանը ճնշելու փորձ է:

«Սա ճնշում է խոսքի ազատության վրա», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թավադյանը:

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից»։

Ասուլիսին ներկա նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նկատեց, որ Թավադյանին մեղադրանք առաջադրելու և ավելին՝ կալանավորելու հիմքեր չկան:

«Երբ ծանոթացանք քրեական գործի նյութերին, հասկացանք, որ ապացույցներ չկան, իսկ ոստիկանության կողմից ներկայացված տեսանյութը մոնտաժի արդյունք է, իսկ ոստիկանությունը փորձել էր հանրությանը ներկայացնել այլ կերպ: Ենթադրում եմ առաջիկայում դատական դռնբաց նիստերին մենք հնարավորություն կունենանք իրական պատկերը ստանալ»,- ասաց փաստաբանը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու համար: «Որքան գիտեմ, այսօր պետք է քննարկվի այս մեղադրանքը դատախազությունում: Հույս ունեմ, որ դատախազության մեր գործընկերները այնքան ողջամիտ կգտնվեն, որ նման որակի մեղադրանք չեն հաստատի ու ուղարկի դատարան»,- նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

  • Կիսվել: