երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց. Վանեցյան

Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց. Վանեցյան

«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, սակայն հարգելով ինստիտոտը, այցելել եմ, սակայն հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- այս մասին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու։

Նա դուրս գալով ԱԱԾ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունի. «Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար»։

Ըստ նրա, իրականում այս գործը ոչնչի մասին է, հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է:

«Վերջին 8 ամիսներին իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ իմ հասցեին հնչեցված մեղադրանքներից որևէ մեկը չի հաստատվել: Ինչպես դրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հօդս է ցնդելու»,- նշեց Արթուր Վանեցյանը։ 

Միաժամանակ ԱԱԾ նախկին տնօրենը պատմեց, թե ինչի մասին է խոսքը։

«2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնվել մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ԱԱԾ մեկնաբանությամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու։ Բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, ոչ թե քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև ԱԱԾ գործող տնօրենը։ Եթե օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, կհասկանային, օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա։

  • Կիսվել: