երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ

Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ

Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անվամբ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։ Հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Գրառումներից մեկում, մասնավորապես, նշվել է. «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել…»։ Մեկ այլ գրառման մեջ էլ առկա է հետևյալ արտահայտությունը. «Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»։

Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ Վահան Լորեցյանին ձերբակալելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: