երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն

Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն

ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից ապօրինի գույքի բռնագանձման գործով առայժմ դատախազություն ներկայացել է միայն որդին՝ Արգամ Աբրահամյանը։

«Արգամ Աբրահամյանը ներկայացել է դատախազություն, ստացել նյութերը, ընտանիքի մյուս անդամները՝ դեռևս ոչ: Սպասվում է, որ նրանք էլ կօգտվեն իրենց այդ իրավունքից»,- հայտնեցին դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, և Աբրահամյանն ու իր հարազատները հրավիրվել են պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, հարսը՝ Էմմա Ծառուկյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։

Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել։

  • Կիսվել: