չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հնարավորություն կընձեռվի բարելավելու հարկային օրենսդրությունը և հարկերից խուսափելու դեմ պայքարը. նախագիծ

Հնարավորություն կընձեռվի բարելավելու հարկային օրենսդրությունը և հարկերից խուսափելու դեմ պայքարը. նախագիծ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի սկզբին հայտարարեց՝ խորհրդարանին այսօր մնացել է քվեարկելու Կառավարության ներկայացրած՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը և երեք հարց, որից հետո քվեարկության կդրվեն երեկ քննարկված բոլոր նախագծերը:

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Ներկայումս այդ համաձայնագրին միացել է ավելի քան 110 երկիր: Համաձայնագրի նպատակն է 1998 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մշակված՝ ավտոմատ ստանդարտների ներդրումը: Համաձայնագրի կնքման իրավական հիմքը կոնվենցիայի երրորդ գլուխն է, որը թույլատրում է հարկային նպատակով տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝ տեղեկությունների ավտոմատ փոխանակում պետությունների իրավասու մարմինների միջև»,- ասաց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի նպատակը ստանդարտացված և արդյունավետ մեխանիզմի ապահովումն է՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ ՏՀԶԿ-ի և «Մեծ քսանյակի» (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին (Standard for Automatic Exchange of Financial Information in Tax Matters) համապատասխան: Սույն ստանդարտի ներդնումը հնարավորություն է տալիս բարելավելու հարկային օրենսդրությունը և հարկերից խուսափելու դեմ պայքարը:

Համաձայնագրի իրավական հիմքը ՏՀԶԿ-ի և Եվրոպայի խորհրդի համատեղ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիայի 6-րդ հոդվածն է, որը նախատեսում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում կոնվենցիայի կողմերի միջև: Հայաստանը միացել է վերոնշյալ կոնվենցիային 2018 թ.: Համաձայնագրի կողմերը յուրաքանչյուր տարի ավտոմատացված ձևով փոխանակում են սահմանված կանոնների համաձայն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:

Ֆինանսական համակարգի թափանցիկության բարձրացման, փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում համաձայնագրին միանալն արդյունավետ է: 

«Կարևոր է նաև նշել, որ համաձայնագրի վավերացումն ինքնըստինքյան չի ենթադրում, որ բոլոր երկրների հետ անմիջապես սկսում ենք այդ տեղեկությունների փոխանակումը: Այն սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրա մասին ՏՀԶԿ-ի գլոբալ ֆորումի քարտուղարություն ՀՀ իրավասու մարմինների կողմից ներկայացվեն համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված ծանուցումները, այդ թվում, թե որ իրավասու մարմինների հետ ենք համաձայնության եկել, որպեսզի տեղեկությունները փոխանակենք: ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ, այն կարևոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում և հարկային վարչարարության բարելավման առումով, այն նաև կարևոր է ՀՀ-ի միջազգային  վարկանիշի ապահովման համար: Հաշվի առնելով համաձայնագրի կարևորությունը՝ խնդրում ենք համաձայնություն տալ նախագծին»,- նշեց Մուրադյանը:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատեց՝ հարցը քննարկվել է հանձնաժողովում, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: