երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հիմա փուլն է մի փոքր կանգ առնելու և հրատապ փոփոխություններ դատավարական առումով չիրականացնելու. ԲԴԽ անդամի թեկնածու

Հիմա փուլն է մի փոքր կանգ առնելու և հրատապ փոփոխություններ դատավարական առումով չիրականացնելու. ԲԴԽ անդամի թեկնածու

Արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունավետությունը չեմ գերագնահատում, բայց նաև չեմ ուզում թերագնահատել: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Արմենուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմանը, թե այսօրվա իշխանություններից հիմնական դժգոհությունն արդարադատության ոլորտում դանդաղ ռեֆորմներն են:

«Այսպիսի մի խնդիր կա. իմ կարծիքով՝ մեր օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ ստիպված ենք եղել իրականացնել հրատապության կարգով: Դրանց ահագին մասը պարտադրված է իրականացվել, շտապ, հրդեհ մարելու տրամաբանությամբ, և բնական է, որ նման փոփոխությունները, որ արել ենք, արել ենք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կոլապսային վիճակից անհրաժեշտ է հանել դատական համակարգը, որպեսզի կարողանանք ունենալ արդյունավետ դատական համակարգ:

Հիմա փուլն է մի փոքր կանգ առնելու և հրատապ փոփոխություններ դատավարական առումով չիրականացնելու, որովհետև անընդհատ փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք հենց հրդեհ մարելու տրամաբանությամբ, հանգեցնում է նրան, որ կարող է մի պահի մենք ունենանք արդարադատության էությունը վնասող օրենսդրական ակտեր:

Կարծում եմ՝ մի պահ մենք պետք է կանգ առնենք, իրական մոնիտորինգ իրականացնենք և հասկանանք, թե ինչ արդյունքների են հասցրել մեզ մեր իրականացրած օրենսդրական բարեփոխումները, ունենանք ճիշտ պատկերը դժգոհությունների»,- ասաց թեկնածուն և հավելեց. «Մենք իսկապես խոր ուսումնասիրության կարիք ունենք և՛ իրականացված բարեփոխումների գնահատման, և՛ դրանց ազդեցության գնահատման, որպեսզի կարողանանք մեր հետագա քայլերն իրականացնենք՝ ավելի ճիշտ կողմնորոշվելով»:

  • Կիսվել: