ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Երկրորդ նախագահը հայցադիմումով պահանջում է դատարանից պարտավորեցնել Սիմոնյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումի առիթ է դարձել Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ կապված երկրորդ նախագահի ներկայացրած առաջին հայցի հետ։
Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»
Այժմ Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի վիրավորանքի համար։


