երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

ՀՀ ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

 Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, նշելով, որ «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերությունը (Tana Energy Management Company)  հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես,  Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

«Մեղրիի արդիականացված անցակետը  միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,-ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Շինարարական ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կողմերի միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն: ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը և հույս է հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն սպասված արդյունքներ:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:

  • Կիսվել: