հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գտնվելու վայրը հայտնի է. «Հրապարակ»

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գտնվելու վայրը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։

 

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն և մյուս իրավապահ մարմինները հաջորդ առավոտյան միաբերան պնդում էին, որ Երանոսյանն իրենց մոտ չէ, իրենք կապ չունեն նրա անհետացման կամ առևանգման հետ։ Նրա հարազատները, քունը կորցրած, փնտրում էին ու չէին գտնում։ Միայն հայտնի էր, որ Երանոսյանը մենակ չի եղել, ուղեկիցը պատմել է, որ դիմակներով անձինք տարել են նրան՝ ոչինչ չասելով։

Մեր տեղեկություններով, տարել են «դավաճանների» գործի շրջանակներում։ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեզ ասել էր, որ չեն կարողանում գտնել նրան՝ գոնե հասկանալու, թե ինչ պատմություն է․ «Ազգականները, հարազատները ևս տեղեկություն չունեն»։ Երեկ առավոտյան խմբագրություն էր զանգահարել Լևոն Երանոսյանի դուստրը՝ Իրինա Երանոսյանը, և տագնապած փնտրում էր հորը։ Նա մեր լուրից էր իմացել, որ հոր հետ նման դեպք է տեղի ունեցել, ապա փնտրել էին՝ չէին գտել, իրավապահ մարմիններն էլ ասել էին, որ իրենց մոտ չէ։

Մենք նորից դիմեցինք ԱԱԾ, սակայն այստեղից շարունակում էին հերքել՝ ասելով, թե առնչություն չունեն Երանոսյանի գործի հետ։ Սակայն մեր աղբյուրն ասում էր, որ տարել են՝ հույսով, որ նա ինքնախոստովանական ցուցմունքներ կտա, բայց քանի որ չի տվել, ժամեր անց բաց են թողել։

Մյուս օրը կեսօրին նա կապ էր հաստատել ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, գտնվում է Արցախում, իր մարտական ընկերների հետ է։ Իսկ չհարցրի՞ք՝ ո՞վ էր տարել, ի՞նչ էր եղել, որտե՞ղ էր մոտ 24 ժամ։ «Մենք էլ էինք լսել, որ դիմակավորված անձինք են տարել իրեն, բայց նման բան չենք հարցրել, Դուք էլ գիտեք, որ ռազմական դրություն է, հեռախոսով չէինք կարող նման հարցեր տալ։ Այո, մենք էլ ենք ուզում իմանալ՝ իր հետ ինչ գործընթացներ են տեղի ունեցել։ Մեզ հիմա ավելորդ լարվածություն պետք չէ, աղոթում ենք խաղաղության համար»,- ասաց Երանոսյանի դուստրը»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: