ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ

ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից, ինչպես նաև՝ փոխանցվել են հանապատասխան լուսանկարներ:

Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:

Թաթոյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։

Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին:

Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին:

Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը՛՛:

  • Կիսվել: