երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳիի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳիի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գրասենյակի եվրոպական և եվրասիական հարցերով բաժնի պետ Մայքլ Դոզլերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը, ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ուորները և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ առաջնահերթությունները՝ հատուկ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում պահվող, հաշմանդամություն ունեցող անձանց, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նշելով, որ այն պետք է դիտարկվի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում։

Քննարկվել են նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության քաղաքականության շրջանակներում առկա մարտահրավերները։ Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության աճող դրսևորումները խիստ մտահոգիչ են՝ ընդգծելով դրանց կանխարգելման և երևույթի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին Ջեյքոբ ՄաքԳին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

  • Կիսվել: