երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 1042 քրեական վարույթ. կոմիտեն ամփոփել է մեկ տարվա աշխատանքները

ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 1042 քրեական վարույթ. կոմիտեն ամփոփել է մեկ տարվա աշխատանքները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն իր խոսում մասնավորապես ասել է.

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված այս միջոցառումը լավ առիթ է` ամփոփելու Հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները, գնահատելու կառույցի ձեռքբերումները, ինչպես նաև վերահաստատելու մեր առաքելության ուղղությունները, նպատակները և առկա խնդիրների, մարտահրավերների լուծման ճանապարհները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021թ. մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի հիման վրա 2021թ. հոկտեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը որպես քննչական մարմին կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը, և իր լիազորությունների շրջանակներում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Գործառութային և կազմակերպական առումով նոր, այլ իրավապահ մարմիններից տարբերվող Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էության, միակ քննչական մարմինն է Հայաստանի Հանրապետությունում, որը բացի նախաքննությունից իրականացնում է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Մի կողմից սա արդյունավետ քննության նոր հնարավորություններ է ընձեռում, բայց և միաժամանակ մեծ սպասումներ է առաջ բերում կառույցի գործունեությունից, ինչը նաև մեծ պատասխանատվություն է՝ ձևավորելու բարեվարք ու բանիմաց ծառայողներով համալրված, արդի մարտահրավերներին համահունչ տեխնիկական միջոցնելով հագեցած կառույց, որի թե´ քննչական, և թե´ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համատեղ, իրար լրացնող գործունեությունը շոշափելի արդյունքներ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում։

Ըստ էության, եթե պայմանականորեն խմբավորենք այս մեկ տարվա ընթացքում Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, ապա կատարած աշխատանքները կարելի է բաժանել երկու մասի։ Զուգահեռաբար իրականացվել են ինչպես Կոմիտեի կազմավորման՝ կադրերի համալրմանը, համապատասխան իրավական դաշտի ձևավորմանը, տեխնիկական հագեցվածությանն ու ներպետական և օտարերկրյա իրավապահ մարմինների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելուն ուղղված մեծածավալ աշխատանքներ, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով (վարույթներով) նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Այսպես՝

2021 թվականի հոկտեմբերի 23-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով նախաքննությունը, որոշ բացառություններով, իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար Կոմիտեում նախատեսված է 170 հաստիքային միավոր, որից 40-ն ինքնավար, 60-ն օպերատիվ-հետախուզական պաշտոնների, 38-ը քաղաքացիական ծառայողների, 8-ը հայեցողական պաշտոնների և 24-ը տեխնիկական և քաղաքացիական աշխատանք կատարող պաշտոնների համար:

Չնայած մինչ օրս հաստիքներն ամբողջությամբ համալրված չեն, որի պատճառը կադրերի ընտրության և նշանակման բարդ ընթացակարգերն են, կոմիտեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում էական աշխատանք է կատարել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:

2021 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև օրս ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 1042 քրեական վարույթ (քրեական գործ)։ Հարկ է նկատել, որ նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այսինքն` եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա իր գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում Կոմիտեն ավելի քիչ քննիչներով (Հատուկ քննչական ծառայության քննիչներն 8-ով ավելի էին) վարույթում քննել է 477 քրեական գործ (քրեական վարույթ) ավելի (84,4%):

Վարույթում քննված 1042 քրեական վարույթից 656-ը հարուցվել կամ նախաձեռնվել է հենց Կոմիտեի քննիչների կողմից, իսկ մնացածը ստացվել են այլ մարմիններից կամ վերսկսվել են:

Գործերի քանակի աննախադեպ աճով պայմանավորված, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախաքննություն են իրականացնում նաև Կոմիտեի երեք վարչությունների պետերի տեղակալները, սակայն այդ պայմաններում ևս միջին ծանրաբեռնվածությունը չի նվազում և այն կազմել է տարեկան միջինը 43 վարույթ մեկ քննիչի հաշվարկով: Ներկա պահին վարույթում է գտնվում 366 քրեական գործ (վարույթ)։ Հարկ է նկատել, որ 2021թ․ հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Կոմիտեի վարույթում քննվել է ընդամենը 114 քրեական գործ, այսինքն` մեկ տարվա ընթացքում քննիչների վարույթում գտնվող գործերի (վարույթների) թիվը ավելի քան եռապատկվել է:

Քննված քրեական գործերից 79-ը 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դատարան ուղարկված վարույթներով արդարացման դատավճիռներ չեն կայացվել:

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 58 պաշտոնատար անձ, ովքեր հանրային ծառայություն են իրականացրել տարբեր բնագավառներում։ Դատի տրված մեղադրյալների մեջ եղել են նախկին և գործող բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ։

60 անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, այդ թվում գործուն զղջալու, վաղեմության ժամկետներն անցնելու, ինչպես նաև մահվան հիմքերով:

Դատարան ուղարկված գործերը հիմնականում եղել են բարդ և բազմադրվագ կոռուպցիոն գործեր, որոնց քննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի բազմաթիվ վարութային և դատավարական գործողություններ: Դրանցից առավել ուշագրավ և հնչեղություն ունեցող գործերից է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու, խոշոր չափերով յուրացման, հակամրցակցային գործունեության և ապօրինի հարստացման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործը:

Նշված քրեական գործով 13 պաշտոնատար և այլ անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի կոռուպցիոն տարբեր հոդվածներով։ Մեղադրյալներից մի մասը կալանավորվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ներկայում Կոմիտեի քննիչների վարույթում նախաքննություն է կատարվում նաև մի շարք այլ բարդ և բազմադրվագ գործերով, որոնցից կցանկանայի առանձնացնել ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին և գործող պաշտոնյաների և նրանց մտերիմների կողմից կազմակերպված հանցավոր սխեմայով, խարդախությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը։

Այսպես`

2017-2021 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, ստեղծելով կեղծ հիմքեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, աճուրդի անցկացման մասին վկայող կեղծ փաստաթղթեր, հողամասերի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, վճարման կեղծ անդորրագրեր՝ դրանք Կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով մուտքագրել են համապատասխան մատյաններում և էլեկտրոնային շտեմարաններում։ Հանցավոր գործողությունների արդյունքում իրենց ծանոթների և հարազատների անվամբ կադաստրի կոմիտեում կազմվել են կադաստրային կեղծ գործեր, տրվել են սեփականության իրավունքի կեղծ վկայականներ և այդ գույքերը հաշվառվել են նշված անձանց անուններով։

Նախաքննության ներկա փուլում բացահայտվել է նման 12 դրվագ, որոնցով հափշտակվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր շուրջ 12 հեկտար մակերեսով հողատարածքներ, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 7,8 միլիարդ ՀՀ դրամ, այսինքն` մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար։ Հանցագործության առարկա բոլոր հողատարածքները ճանաչվել են իրեղեն ապացույց և միջոցներ են ձեռնարկվում դրանք պետության կամ համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու համար։

Հանցավոր գործունեության մեջ ներգրավված 11 անձ, որոնց թվում նաև գործող և նախկին պաշտոնյաներ, այս պահին արդեն բացահայտվել են, նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և խարդախություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Մեղադրյալներից 2-ը կալանավորված են։ Այս գործով քննությունը գտնվում է ակտիվ փուլում և համոզված եմ՝ բացահայտումները սրանով չեն ավարտվելու։

Որպես քննության արդյունավետության կարևոր ցուցիչ մեծ ուշադրություն է դարձվել հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու աշխատանքներին։

Հաշվետու տարվա ընթացքում կոմիտեում քննված քրեական վարույթներով, այդ թվում նաև ավարտված, կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս։

Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց արգելանք է դրվել մոտ

9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի վրա:

Կոմիտեի վարույթում են գտնվում նաև Հատուկ քննչական ծառայությունից փոխանցված մի շարք քրեական գործեր, որոնցով նույնպես հիմնավորվել են կոռուպցիոն հանցագործություններով պետությանը վնաս պատճառելու դեպքեր։

Այսպես` ընդամենը երկու քրեական գործով հիմնավորվել է պետությանը 39.9 միլիարդ դրամի վնաս պատճառելու դեպք։ Առանց նշելու կոնկրետ քրեական գործերը, հստակեցնեմ միայն, որ այդ ողջ ծավալի վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա, այսինքն` առկա է իրական երաշխիք, որ մեղադրական դատավճռի պայմաններում վնասը վերականգնվելու է։ Երկու գործով էլ մեղադրյալները գտնվում են հետախուզման մեջ, ուստի ներկայում սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ նշված գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար։ Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ է գտնվում մոտ 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։

Քրեական գործերով (վարույթներով) նախաքննություն իրականացնելուն զուգահեռ` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախապատրաստել են մեծ թվով նյութեր, քննարկել և լուծում են տվել աննախադեպ ծավալի դիմումների և հաղորդումների։ Այսպես՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել է 706 նյութ, քննարկվել 2491 դիմում/հաղորդում։

Ինչ խոսք, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման, դատի տրված անձանց վերաբերյալ և նման բնույթի վիճակագրությունը կարևոր է և կարող է որպես չափորոշիչ դիտվել իրավապահ այս կամ այն մարմնի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար, քանի որ ի վերջո նաև դրա արդյունքում է վերականգնվում սոցիալական արդարությունը, որը պատժի հիմնական նպատակներից է, սակայն իմ խորին համոզմամբ պատժի մյուս նպատակը՝ հանցագործությունների կանխումը, իրավական պետություն կառուցելու գործում առավել մեծ նշանակություն ունի։ Հանրահայտ ճշմարտություն է, որ իրավախախտումների կանխարգելման գործում ոչ այնքան ակնկալվող պատժի խստությունն է զսպող դեր կատարում, որքան պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը։ Այստեղ գտնվող իրավաբաններից երևի թե բոլորը կհիշեն այն օրինակը, երբ միջնադարում գողության համար մահապատժի դատապարտվածին կախաղան հանելու ընթացքում հրապարակում հավաքված անձանց շրջանում գրպանահատները շարունակում էին իրենց գործը։ Ուրեմն ինչ է պետք հանրության շրջանում պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը արմատավորելու համար։ Իմ համոզմամբ՝ ունենալ լավ օրենսդրություն, կոմպետենտ և ազնիվ մասնագետներ՝ քրեական վարույթի իրականացման բոլոր փուլերում, իրավապահ ամբողջ համակարգում։ Եթե այդ օղակներից ցանկացածում խախտվում է այս սկզբունքներից որևէ մեկը, ապա ալգորիթմը խափանվում է, խնդիրը չի լուծվում։

Այսօր արդեն թեկուզ զգուշորեն, բայց կարելի է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը հասարակության մեջ որոշ չափով ամրապնդել է կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիության համոզմունքը և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը։ Դրա դրսևորումներից են քաղաքացիների այն բազմաթիվ դիմում/հաղորդումները, որոնցում նրանք տեղեկացնում են հանրային ծառայության մեջ գտնվող տարբեր անձանց առերևույթ չարաշահումների մասին։

Հատկանշական է, որ հենց պետական մարմինների ծառայողներն իրենք են սկսել բարձրաձայնել իրենց կառույցներում կոռուպցիոն դրսևորումների մասին, ինչն անխոս նպաստում է կոնկրետ մարմնում կոռուպցիոն ռիսկերից զերծ, անաչառ ծառայության ապահովմանը։ Դրա վառ օրինակները Կոմիտեում քննված այն քրեական գործերն են, որոնցով առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցում ներգրավված հանրային ծառայողների մասին նախնական տեղեկությունները ստացվել են հենց այդ ծառայողների ղեկավարներից։ Որպես օրինակ կարող եմ բերել վերը նշված ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից հողատարածքների հափշտակության, պաշտոնեական կեղծիքների և կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը, ինչպես նաև բոլորովին վերջերս ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով` մոտ 47.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը։ ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթով ևս նախնական տեղեկատվությունը տրամադրվել էր հենց ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից։ Կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ ենք ստացել նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից։

Այս համատեքստում ուշագրավ է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի հաղորդումը քաղաքացու կողմից իրեն կաշառք առաջարկելու վերաբերյալ։ Հարուցված քրեական գործը ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Կաշառք տված քաղաքացին կալանավորվել է։

Այս առումով մի դրական վիճակագրություն կցանկանայի նշել։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության այս մեկ տարվա ընթացքում վարույթում քննվել է ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու փաստով 24 քրեական գործ։ Դրանք այն դեպքերն են, երբ պարեկներն իրենց կաշառք առաջարկող անձանց ձերբակալել և ներկայացրել են իրավապահ մարմին։ Այդ գործերից 12-ը՝ 12 անձի վերաբերյալ արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ես հեռու եմ այն մտքից, որ այդ թիվը արտահայտում է իրական վիճակը, բայց եթե հաշվի առնենք որ մինչև պարեկային ծառայության հիմնումը նմանատիպ դեպքեր կամ չեն եղել կամ եղել են եզակի, արձանագրվածը լուրջ ձեռքբերում է։ Վերը հիշատակված դեպքերը մեր կողմից լայնորեն լուսաբանվում են, ինչն անշուշտ դրական ազդեցություն է ունենում նմանօրինակ դեպքերը ապագայում կանխելու, պատասխանատվության անխուսափելիության գիտակցումը հանրության շրջանում արմատավորելու համար։

Այն որ պետական կառավարման համակարգի մարմինները հիմնականում հրաժարվել են աղբը տնից դուրս չհանելու արատավոր գործելաոճից, արդեն իսկ վկայությունն է կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունավետության։

Նշածիս վկայությունն է Եվրոպայի միության աջակցությամբ հրատարակված՝ Արևելյան գործընկերության ինդեքսի 2020-2021 թթ զեկույցը, որով արձանագրվել է Հայաստանի էական առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Վերը նշված ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 5 ոլորտներում, և դրանցից առաջինը հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է։

Կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը` հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց քրեական վարույթներով ներկայացրել են ավելի քան 50 միջնորդագրեր:

Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման, գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական երաշխիքը, ինչ խոսք, արհեստավարժ կադրերն են և նրանց մասնագիտական պատրաստվածության անընդհատ բարձրացումը։

Բարեվարք և մասնագիտական պատշաճ գիտելիքներ, հմտություններ ունեցող ծառայողների ընտրության, Կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվել ու անցկացվել է 5 մրցույթ, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել են 186 թեկնածուներ: Մրցույթների անցկացմանը մասնակցություն են ունեցել ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր դիտորդներ և միջազգային փորձագետներ։

Այդ մրցույթների արդյունքներով հաղթող են ճանաչվել ընդամենը 74 մասնակիցներ, որոնք նշանակվել են համապատասխան պաշտոններին։

Գաղտնիք չէ, որ կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններում ներգրավված անձինք մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները, ակտիվորեն օգտագործում են նաև թվային արդի տեխնոլոգիաների հնարավորությունները՝ սկսած բարձրակարգ սարքավորումներով փաստաթղթեր կեղծելուց, վերջացրած հաղորդակցության համար գաղտնիության երաշխիքներ տվող տարաբնույթ մեսինջերներ օգտագործելով։ Հանցագործության առարկա կամ հանցավոր գործունեության արդյունք հանդիսացող դրամը և գույքը հաճախ պահվում կամ փոխանցվում են բարդ սխեմաների միջոցով և գնալով ավելի ու ավելի է դժվարանալու դասական համարվող քննչական գործողություններով ու օպերատիվ միջոցառումներով արդյունավետ քննության ապահովումը։ Այս ամենին պատշաճ հակազդելու միակ միջոցը անձնակազմի որակավորման բարձրացումն է, օպերատիվ աշխատանքի և քննության նոր մեթոդիկաների յուրացումը։

Կոմիտեի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման մեջ մեծ է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով, հատկապես հաշվի առնելով որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ և առանց այլ երկրների մեր գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննությունը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորման օրվանից մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման և վերջինիս լավագույն տարրերի որդեգրման նպատակով: Կոմիտեն արդյունավետ կերպով համագործակցում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ՄԱԿ զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի միության, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, Իտալիայի Ֆինանսական գվարդիայի, այլ միջազգային գործընկերների հետ:

Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են ընդհանուր առմամբ 56 աշխատաժողովների, խորհրդակցությունների, քննարկումների և սեմինարների, 39 հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, օտարերկրյա կազմակերպությունների, համանման գործառույթներ իրականացնող մարմինների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Վերոնշյալի համատեքստում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվել է Կոմիտեի քննիչների պաշտոնակատարների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացը, իսկ 2022թ. օգոստոսին օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացները:

Նշված ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի 7 ծառայողներ մասնակցել են ԱՄՆ-ում, Չեխիայում, Խորվաթիայում և Հունգարիայում կազմակերպված դասընթացներին, որոնք վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությանը, քրեական հետապնդմանը և հակակոռուպցիոն բարեփոխումների փորձի ուսումնասիրությանը:

2022 թվականի հունվարին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի, որը հանդիսանում է Ակտիվների վերադարձի միջազգային կենտրոն, միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կոռուպցիայի, տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների կամ հանցավոր գործունեության այլ տեսակների միջոցով ձեռք բերված ակտիվների բացահայտման և դրանց վերադարձի ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նշված հանցագործությունների արդյունավետ քննությանն ուղղված ծրագրերի և ռազմավարությունների մշակմանը նպաստելու նպատակով:

2022 թվականի հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային գործերով գրասենյակի ղեկավար կազմերի հետ։ Արդյունքում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի Ֆինանսական գվարդիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող 20 քրեական վարույթով օտարերկրյա պետություններ է ուղարկվել իրավական փոխօգնության 42 հարցում, որոնցից 15–ով ստացվել է պատասխան: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օտարերկրյա պետություններից ստացել է իրավական փոխօգնության 14 հարցում, որից 13-ը կատարվել և ուղարկվել է նախաձեռնողին:

Զգալի աշխատանքներ են կատարվել նաև Կոմիտեի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ իրավական տարբեր ակտերի մշակման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ։ Մշակվել են 29 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, 107 ներքին իրավական ակտեր: Ուսումնասիրվել են այլ մարմինների նախաձեռնած 133 իրավական ակտերի նախագծեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ և կարծիքներ:

Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականությունը Կոմիտեի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման հարցում և այդ կերպ նաև կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը՝ Կոմիտեի գործունեության մեկնարկից ի վեր իրականացվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքներ կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման վերաբերյալ: Զանգվածային լրատվության տարբեր միջոցներով, այդ թվում` հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներին ու իրավական ուղղվածության հաղորդումներին Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների կողմից տրված հարցազրույցների միջոցով լայնորեն լուսաբանվել են հանրության շրջանում հնչեղություն ստացած քրեական գործերի ընթացքն ու Կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերը:

Գործարկվել է Կոմիտեի` www. anticorruption.am եռալեզու պաշտոնական կայքէջը /հայերեն, ռուսերեն, անգլերեն/, որում զետեղվում է ինչպես քրեական վարույթների ընթացքի վերաբերյալ հրապարակվող հաղորդագրությունների թարմացվող լրահոսը, այնպես էլ տեղեկություններ կառույցի գործունեության, օրենսդրության, միջազգային համագործակցության, անձնակազմի և մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ:

Ամփոփելով ելույթս` ցանկանում եմ վստահեցնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վճռականորեն կանգնած է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի դիրքերում և շարունակաբար միջոցներ է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու, այս առումով հանրության վստահությունն ու սպասումները արդարացնելու համար։

Օգտնվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անձամբ Ձեզ պարոն վարչապետ Կոմիտեի ստեղծման և կայացման գործում ներդրած ջանքերի, սրտացավ վերաբերմունքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապահ և այլ պետական մարմինների մեր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի ընթացքում կոմիտեին ցուցաբերած աջակցության համար։

Շնորհակալ եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատակազմին՝ այս ընթացքում կատարված նվիրական, անտրտունջ աշխատանքի համար։

Բոլորիս շնորհավորում եմ կոմիտեի կազմավորման մեկամյակի և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա առիթով»:

  • Կիսվել: