ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ. Աննա Վարդապետյան

ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Խուան Բաուտիստա Մահիկեսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել էր Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Այսօր կայացած ընտրության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ վստահության և աջակցության համար և ընդգծել, որ իր համար պատիվ է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելն ու դատախազական միջազգային համայնքի հետ մասնագիտական երկխոսության այս նոր ձևաչափով աշխատանքը շարունակելը:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մոտեցումը՝ ուղղված դատախազների մասնագիտական կրթության շարունակական բարելավմանը և ընդգծել, որ ՀՀ դատախազության համար դատախազների պարբերական վերապատրաստումները ևս առաջնահերթություն են:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ տարեկան համաժողովին մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:

  • Կիսվել: