երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել են Շվեդիա

ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել են Շվեդիա

ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչները Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում այցելել էին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ:

 

Պատվիրակության կազմում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Նաիրա Հովսեփյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Բաղդասարյանը, դատավորներ Ելենա Առաքելյանը Մուշեղ Հարությունյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դատավորներ Երեմ Եսոյանը, Դանիել Մխեյանը, դատական դեպարտամենտի աշխատակիցներն, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ու ակադեմիայի ներկայացուցչները:

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների, ինչպես նաև Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի աշխատակցիների և փորձագետների հետ: Հայկական պատվիրակությունը Շվեդիայում մասնակցել է նաև Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, քննարկել համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:

 

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող այս ծրագիրն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

  • Կիսվել: