ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ անունից գործող անձինք, զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից. Փոստանջյան

ՀՀ անունից գործող անձինք, զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, դիմելով իշխանություններին, հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից իշխանության գործողությունները «գռեհիկ են և ավտորիտար»:

Նա, մասնավորապես, նշել է.  «Զգուշացում Գործող Իշխանավորին

Հայաստանի Հանրապետության անունից՝ գործող իշխանություն, եթե չգիտես, ապա՝ իմացիր։

20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, կովկասյան թաթարների համար ստեղծված «Ադրբեջանի Հանրապետություն» քաղաքական նախագծի հիմքում ընկած էր նաև հայերին պատկանող կենսական տարածքների և կարողությունների օտարումը:

«Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի իրագործմամբ մենք՝ հայերս, կորցրեցինք մեր հայրենիքի անբաժան մաս կազմող, կենսական նշանակության ռազմաքաղաքական կարևոր կենտրոններ` Արցախ նահանգը (11,528 քառ. կմ), Ուտիք նահանգը (11,315 քառ. կմ) և Վասպուրական նահանգի՝ Նախիջևան գավառը (5,363 քառ. կմ):

Խորհրդային Միության անկումից հետո «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի հեղինակներին մասամբ  հաջողվեց կասեցնել նախագծի տապալումը: Մենք՝ հայերս, կարողացանաք ազատագրել մեր հայրենիքի՝ բացառապես Արցախ նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ուտիք նահանգի մի փոքր մասը՝ թրքական վայրագ տարրից:

Այն որ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագիծը վտանգի տակ է և ենթակա է վերանայման՝ «բարելավման», նախագծի հեղինակները հասկանում և գիտակցում են: Այդ «վերանայման» ուղղությամբ վերջիններս գործադրում են որոշակի ջանքեր` (օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմ և «Ադրբեջանի Հանրապետություն» տարածքի ԵՏՄ ներգրավվում):

Այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի բաժնետերերից մեկին՝ մեր հայրենակից Միսակ Լազարյանին, ով  2012 թվականից ի վեր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորելու և հանձնելու նախաձեռնությունը լրացուցիչ վկայություն է «Ադրբեջանական Հանրապետություն» նախագծի «բարելավման» սպասարկման վերաբերյալ:

«Մուղամի» սիրահարներ և կեղծ խաղաղասերներ.

Ձեր գործունեությունը որակվում է որպես պետական դավաճանություն:

Թրքական վայրագ տարրի առաջնորդի հետ փակ դռների հետևում երկարատև բանակցությունները և հետագա հայտարարությունները` «կիրթ Ալիևի» և «Ադրբեջանի ժողովրդին բավարարելու» վերաբերյալ հիշեցնում են խաչագողին:

«Թավշյա հեղափոխականներ».

Մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից Ձեր գործողությունները գռեհիկ են և ավտորիտար:

Հ.Գ. Գործող իշխանավոր.

Մենք չենք մոռացել, և դու էլ մի մոռացիր ընդհատակում և կալանավորի կարգավիճակում գտվելու մութ անցյալդ:

Հայաստանի Հանրապետության անունից գործող անձինք զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից:

Սրբությունները առևտրի առարկա չեն։ Արյամբ ազատագրված հայրենիքում հոգիները լսում են Կոմիտաս և ապրում նրա ոգով»:

 

  • Կիսվել: