Հետո ամեն անգամ ասելու եք՝ պետք է դատավորների թիվն ավելացնել. Մհեր Գրիգորյանի մտավախությունը
Մասնավոր մեղադրանքով վարույթների ներդրման դեպքում մենք պետք է մտածենք չհիմնավորված հայցերի պարագայում ինչ պատասխանատվություն է կրելու հայցվորը, հակառակ դեպքում մենք էլի կարող ենք ունենալ ինչ-որ պրոցեսների անվերջ գեներացում դատական համակարգում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հետո ամեն անգամ ասելու եք՝ պետք է դատավորների թիվն ավելացնել եւ այլն: Այս հարցը ո՞նց եք լուծելու»,- դիմելով արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին, ասաց նա:
Վերջինս արձագանքեց, որ օրենսդրությունը նախատեսում է այն կարգը, երբ մեղադրանքն ապացուցված չէ կամ հանիրավի է ներկայացված. «Այս դեպքում իսկապես պատասխանատվություն կրելու է այն անձը, ով յդպիսի մեղադրանքով հանդես է եկել: Այսինքն պատասխանատվության կենթարկվի փաստացի զրպարտության համար՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես կորակվի իր արարքը: Դա կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքով»:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում քիչ կլինի այն մարդկանց թիվը, որոնք կդիմեն դատարան, քան այն մարդկանց թիվը, որոնք կդիմեին վարույթն իրականացնող մարմնին՝ ՔԿ-ին, քանի որ ՔԿ դիմելու համար առանձնապես մեծ ջանքեր չի պահանջվում, ընդամենը մի հաղորդում ստորագրված, իսկ դատարան դիմելու համար ավելի բարդ ընթացակարգ է գործում. «Բացի այդ դատական ծախսերը կևրելու պարտականություն կա կողմերի վրա, իսկ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվության խնդիր կլինի: Այս փոփոխությունը իրականում շատ գործուն կթեթեւացնի ՔԿ-ի վարույթը եւ չեմ կարծում, որ շատ մեծ ծանրաբեռնվածություն կառացնի դատարանների համար»,- ընդգծեց նա:
Նշենք, որ կառավարությունը այսօր որոշեց առաջին ատյանի դատարաններում քրեական մանսագիտացմամբ 8 դատավորներով ավելացնել թվակազմը: