ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված):

Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված եւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի անձ կա, Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք առաջադրվել է թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն նրա որդիները եւ այլն:

Ի պատասխան մեր հարցերին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության հակառակ շահերին օգտագործելու կամ անձնական, խմբային կամ այլ շահագրգռվածությունից ելնելով` ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ըստ պատասխանի` 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքները փոփոխելու, լրացնելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին: Այժմ նա որպես մեղադրյալ է ներգրավված եղբոր՝ վերոհիշյալ նույն հոդվածներով: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Գուրգեն Խաչատրյանը եւս հետախուզվում է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում համապատասխան հոդվածներով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ (այդ թվում`Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները): Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը լրացնել-չլրացնելու, որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց եւ մեր մնացած հարցերի մասին ԱԱԾ-ն տեղեկություն չի տրամադրել` նշելով. «Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի, ինչպես նաեւ`«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`հայցվող մնացած տեղեկատվությունը նախաքննության այս փուլում չի կարող տրամադրվել`նկատի ունենալով նաեւ այն, որ կատարված կամ կատարման ենթակա քննչական գործողությունների, մեղադրանքի ծավալում ներառված փաստական տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից»,- ասված է պատասխանում:

Նշենք, որ ապրիլ ամսին տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ բացահայտել է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի կողմից ՊԵԿ նախկին նախագահին վերջինիս որդիների օժանդակությամբ 2011 թվականին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք: Մեր տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է, իսկ 2011 թվականին ՊԵԿ նախագահը եղել է Գագիկ Խաչատրյանը: Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Մեղադրանքները անհիմն է որակում նաեւ Խաչատրյանների փաստաբանական թիմը:

  • Կիսվել: