երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հետաձգվել է «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով նիստը

Հետաձգվել է «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հետաձգվեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը։

Նիստը հետաձգվեց, քանի որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Սիմոնյանն իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությանը չէր ծանոթացել։

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարան է զանգահարել «Ռեստարտի» փաստաբան Կարապետ Բադալյանը: Նա տեղեկացրել է, որ այլեւս չի ներկայացնելու խմբի անդամների շահերը։ Նույն գործով մեկ այլ պաշտպան Արմեն Խաչատրյանը նշել էր, որ չի ներկայանալու դատական նիստին։

Ամբաստանյալների փաստաբաններն են Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, իսկ մեղադրող կողմի՝ Նարեկ Մալյանի փաստաբանը Տիգրան Աթանեսյանն է։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

  • Կիսվել: