չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հեշտ գործընթաց չէ. Արթուր Դավթյանը՝ Մինասյանին  և այլոց Հայաստանին հանձնելու մասին

Հեշտ գործընթաց չէ. Արթուր Դավթյանը՝ Մինասյանին և այլոց Հայաստանին հանձնելու մասին

Ազգային ժողովում այսօր ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Գլխավոր դատախազին հարցրեց, թե ինչ անհաղթահարելի գործոններ կան, որոնք խոչընդոտում են հետախուզման մեջ գտնվողներին հանձնել Հայաստանին։

«Հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերով մեղադրյալներ, օրինակ՝ Հարությունյանը, Կոստանյանը, հայր և որդի Միասյանները, դիվանագետ պրոֆեսոր Սարգսյանը և այլոք փախուստի են դիմել։ Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում, ընդ որում, նրանցից առնվազն երկուսը՝ կրտսեր Մինասյանն ու Կոստանյանը, իրենց, այսպես կոչված թաքստոցներից հանդես են գալիս օնլայն ուղերձներով ու խրատական դասախոսություններով։ Ինչ միջոցառումներ ե ձեռնարկվել հետախուզության մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, Հայաստան վերադարձնելու և արդարադատությանը հանձնելու ուղղությամբ։ Ինչ անհաղթահարելի գործոններ կան, որոնք խոչընդոտում են այդ անձանց հանձնումը Հայաստանին»,- հարցրեց պատգամավորը։

Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ դատախազությունը բոլոր միջոցներն է ձեռնարկում։

«Յուրաքանչյուր նման դեպքում ուսումնասիրության առարկա է դառնում, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ անձը բացակայել է երկրից, կամ որևէ մեկի թերացումը կա՞ այդ հարցում: Այսինքն, որտեղ որ կարգապահական իրավախախտում ենք հայտնաբերել, նախաձեռնել ենք կարգապահական պատասխանատվության խնդիր, որտեղ հանցագործության հատկանիշներ ենք տեսել, մեր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Իսկ արդեն արտասահմանում գտնվող անձանց նկատմամբ ԱՊՀ երկրների շրջանակներում, մեր միջազգային պայմանագրերի սահմաններում, մեր գործընկերների հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Այո՛, այն հեշտ գործընթաց չէ: Օրինակ՝ ակնհայտ խոչընդոտ է այն, երբ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը գտնվում է ՌԴ-ում և նաև ունի ՌԴ քաղաքացիություն, սա ակնհայտ խոչընդոտ է: Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգային հարցերը պետք է իրականացվեն»,- ասաց  Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: