չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք․ Արայիկ Հարությունյանը Դրախտիկի դպրոցի մասին

Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք․ Արայիկ Հարությունյանը Դրախտիկի դպրոցի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է Դրախտիկ գյուղի դպրոցի խնդրի մասին տարածվող հրապարակումներին։ Մասնավորապես, նա գրել է․

«Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին:

Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպես Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար:»

  • Կիսվել: