կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում

ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը, սկսվեց լարված իրավիճակում:
Մինչ նիստը սկսվելը ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, և նա չպետք է մասնակցի հանձնաժողովի նիստին։
Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ նիստերի դահլիճ, իրարանցում սկսվեց. Պետրոսյանը սկսեց վիճել լրագրողների հետ` ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։ Նա չկարողացավ որևէ հակափաստարկ ներկայացնել, թե ինչու է նա պետք է լինի կամ չլինի ՀԾԿՀ նիստին։
«Այն, ինչ հիմա անում են լրագրողները, խուլիգանություն է։ Հարգելի՛ ոստիկաններ, կարգի հրավիրեք նրանց։ Նստեք ձեր տեղերը»,– բարկացած սկսեց բղավել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Արդեն բուն քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբանները հիմնավորեցին, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։
Նրանց խոսքով` քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը։
Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, չհեռացավ դահլիճից և ներկա է քննարկմանը։

  • Կիսվել: