ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի գրիչի հետքերով․ Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց

Հայտնի գրիչի հետքերով․ Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական նիստը։ Հայցվոր կողմը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները մայիսի 12-ին դատարան միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը։ Նրանք իրենց միջնորդությունը հիմնավորել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ և առողջության պահպանման անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք Հրայր Թովմասյանը դիմել էր դատարան պահանջելով դատարանից պարտավորեցնել Նիկոլ Փաշինանին հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար։

Պատասխանող կողմը՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնող փաստաբան Գևորգ Գյոզալյանը, հայտարարեց, որ հայցվոր կողմը քաղաքացիական օրենսդրության համաձայն չի ուղարկել իրեն դատական նիստից դուրս դատարանին ուղարկված միջնորդությունը։

«Նույն օրենսդրության համաձայն, այդ պահանջները չկատարելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում։ Հայցվոր կողմը պատշաճ չի տեղեկացրել կողմին և նրան չի հետաքրքրել, որ կողմը կարող է գալ դատարան, այսքան մարդ կարող է հավաքվել դատարանում։ Հետևաբար խնդրում եմ, հարգելի դատարան առհասարակ չքննարկենք այս միջնորդությունը», -դիմելով նիստը նախագահող դատավորին հայտարարեց փաստաբան Գյոզալյանը։

Նա նկատեց, որ հայցվոր կողմը՝ Հրայր Թովմասյանը և նրա փաստաբանական խումբը, միտումնավոր է փորձում հետաձգել նիստը և հավելեց․ «Մենք դատավարության ընթացքում կփորձենք ապացուցել, որ բացառապես քաղաքական բնույթ ունի այս ամենը։ Նրանց ձեռք է տալիս, որ անվերջ այս գործերը հետաձգվեն, ինչի արդյունքում ողջամտության ժամկետները անցնում են»։

Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ միևնույն է, ստեղծված իրավիճակից ելնելով դատական նիստերը դատարաններում այս օրերին հետաձգվում են և բացի այդ, նիստը չի կարող շարունակվել հայցվոր կողմի բացակայության պայմաններում և այդ հիմքով նիստը հետաձգվեց։ Այդուհանդերձ, Գյոզալյանը պնդեց, որ օրենքի շրջանակում չէ հայցվոր կողմի չներկայանալը դատարան։

Թովմասյան-Փաշինյան դատական վեճն առաջացել էր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակած գրիչի լուսանկարից։ «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», - ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը ու նշել, որ այն իրեն է փոխանցել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Հ. Թովմասյանի փաստաբանը հայտարարել էր, որ հայցադիմում կպատրաստեն դատարան դիմելու համար։

  • Կիսվել: