երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Հայտնաբերվել է Երևանում դպրոցականին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառած կասկածյալը. «Դոգի» տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի հետքերով

Հայտնաբերվել է Երևանում դպրոցականին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառած կասկածյալը. «Դոգի» տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի հետքերով

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են այսօր առավոտյան «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր նախագահ, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից իր տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վ. Ղուկասյանի տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութը իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Պարզվել է նաև, որ հոկտեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: