երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը 3 միավորով բարելավել է իր դիրքերը Freedom House-ի «Ազատությունը համացանցում» զեկույցում

Հայաստանը 3 միավորով բարելավել է իր դիրքերը Freedom House-ի «Ազատությունը համացանցում» զեկույցում

Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում 2022» տարեկան զեկույցը, որի շրջանակում դիտարկվել է 70 երկիր՝ 2021 թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Զեկույցի համաձայն՝ վերջին մեկ տարում համացանցի ազատության հարցում իրավիճակը բարելավել է 26 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 3 միավորով բարելավել է իր դիրքերը՝ ստանալով 74 միավոր:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ դիտարկված ժամանակահատվածում Հայաստանում համացանցի ազատությունը բարելավվել է, ավելի քիչ կիբեռհարձակումներ են գրանցվել: Դրական փոփոխություն է համարվում պետական պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի չեղարկումը:

Միևնույն ժամանակ, պահպանվում են մտավախությունները դատական համակարգին քաղաքական միջամտության և ԶԼՄ-ների նկատմամբ հռետորաբանության հետ կապված:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 78 միավորով նույնպես ազատ երկրների շարքում է, իսկ Ադրբեջանը ստացել է 38 միավոր՝ հայտնվելով անազատ երկրների ցանկում: Թուրքիան ստացել է 32 միավոր, Ռուսաստանը՝ 23 Իրանը՝ 16:

«Ազատությունը համացանցում 2022» զեկույցում ազատ երկրների շարքին են դասվել նաև Իսլանդիան, Էստոնիան, Կոստա Ռիկան, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ճապոնիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Իտալիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սերբիան և Արգենտինան:

  • Կիսվել: